Լիբանանի բանակը հայտնել է 23-ամյա զինծառայող Պատրիկ Անդրանիկ Բեքարյանի մահվան մասին, որն ապրիլի 19-ից համարվում էր անհետ կորած։
Լիբանանի բանակի հրամանատարության հաղորդմամբ՝ ավելի ուշ հաստատվել է, որ զինծառայողը զոհվել է, երբ նրա մեքենան թիրախավորվել է իսրայելական ուժերի կողմից։ Նշվում է, որ նրա մարմինը պահվել է Իսրայելի կողմից և միայն հուլիսի 15-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ հանձնվել լիբանանյան կողմին։
Բեքարյանը ծնվել է 2002 թվականի նոյեմբերի 16-ին՝ Զահլեի Միդան ալ Շարքի շրջանում։ Լիբանանի բանակ էր զորակոչվել 2024 թվականի մարտի 7-ին և ծառայության ընթացքում մի քանի անգամ արժանացել էր բանակի հրամանատարի խրախուսանքներին։ Նա ամուսնացած չէր։
Ավելի լայն տարածաշրջանային հակամարտության ֆոնին՝ մարտի 2-ին, «Հեզբոլլահ»-ն ու Իսրայելը վերսկսել էին պատերազմը։ Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը, ԱՄՆ միջնորդությամբ, ստորագրել էին հակամարտության փուլային կարգավորման շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում էր իսրայելական զորքերի մասնակի դուրսբերում Լիբանանի տարածքից։ Նեթանյահուն հայտարարել էր, որ առաջին փուլում Իսրայելը դուրս կգա Լիբանանի հարավում գտնվող երկու տարածքից՝ Լիտանի գետից հյուսիս և հարավ։ «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը մերժել էր համաձայնագիրը և փաստաթուղթն անվանել «կապիտուլյացիա»։





































