Մեքսիկայի ամենահարավային Չիապաս նահանգի ափերի մոտ 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, գրել է Reuters-ը։
Այս պահին զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Գվատեմալայում և Սալվադորում։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտնել է, որ երկրաշարժից հետո գործարկվել են արտակարգ իրավիճակների արձագանքման արձանագրությունները։ Նրա խոսքով՝ Չիապաս և հարևան Տաբասկո նահանգներում խնդիրներ չեն արձանագրվել։
Գվատեմալայի նախագահ Բերնարդո Արեվալոն նույնպես հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով զոհեր չկան։ Այստեղ երկրաշարժը ցնցել է շենքերը, ինչի հետևանքով բնակիչները դուրս են եկել փողոց, իսկ պետական մի շարք հիմնարկներում իրականացվել է տարհանում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Տեղի բնակիչները Reuters-ին հայտնել են, որ երկրաշարժը հիշեցրել է հունիսի վերջին Վենեսուելայում տեղի ունեցած ուժեղ ստորգետնյա ցնցումները, որոնք զգալի ավերածություններ էին պատճառել։
Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի էր ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդով երկու երկրաշարժ։ Առավել շատ տուժել էին Կարակասի մերձակայքի շրջաններն ու Լա Գուայրայի ափամերձ նահանգը։






































