ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակի կողմից 2024 թվականին անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ դաստիարակը 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, մանկապարտեզի ննջարանում քաշքշել և հարվածել էր անչափահասի գլխին, ապա նրա լացը դադարեցնելու նպատակով կրկին հարվածել։
Դաստիարակի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել է հսկող դատախազին։
Ոստիկանությունը 2024 թվականին հայտնել էր Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակցին ձերբակալելու մասին։
Նմանօրինակ դեպք էր գրանցվել նաև օրերս՝ Երևանում։ ՔԿ-ն վարույթ էր նախաձեռնել մասնավոր մանկապարտեզում 6-ամյա երեխայի բռնության դեպքի առթիվ։





































