Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Երմակովը՝ համակարգչային մեքենայությունների գործի շրջանակում, հայտնել են ՏԱՍՍ գործակալության աղբյուրները։
«Երմակովը ձերբակալվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ընթացիկ տարվա հունիսին՝ համակարգչային մեքենայությունների գործի շրջանակում»,- պատմել է աղբյուրը՝ չհստակեցնելով, թե որ երկրի հարցման շրջանակում է ձերբակալվել Երմակովը։
Ավելի վաղ ռուսական տելեգրամյան ալիքներում տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստանի քաղաքացի, Օմսկ քաղաքի բնակիչ Երևանի օդանավակայանում ձերբակալվելուց հետո արդեն երկու շաբաթ է՝ գտնվում է մեկուսարանում։ Հղում անելով ՌԴ քաղաքացու հարազատներին՝ նշվում էր, որ Երմակովին շփոթել են ԱՄՆ-ի հարցմամբ Ինտերպոլի կողմից որոնվող հաքերի հետ, որի անվանակիցն է նա։ Նրանք պնդել են, որ ձերբակալված Երմակովը ոչ մի կապ չունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ։ Ուշադրություն է հրավիրվել նաև այն փաստի վրա, որ ՌԴ քաղաքացու հայրանունը տարբերվում է Ինտերպոլի կողմից որոնվող տղամարդու հայրանունից։




































