Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի, վիրավորների թիվը մնացել է անփոփոխ՝ 16 740, իսկ 17 907 մարդ շարունակում է մնալ անօթևան, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսի հրապարակմանը։
Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով վնասվել է 856 շենք, որոնցից 190-ն ամբողջությամբ փլուզվել կամ կառուցվածքային լուրջ վնասներ է կրել։ Կառավարության նախնական գնահատականով՝ տուժածների բնակարանային կարիքները հոգալու համար անհրաժեշտ է կառուցել շուրջ 25 000 տուն։ Իշխանություններն արդեն Օսմա և Չուսպա շրջաններում առանձնացրել են շուրջ 40 հողատարածք։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տվյալներով՝ Լա Գուայրայի առավել տուժած շրջաններում կուտակվել է շուրջ 1,2 մլն տոննա փլատակ։ Որոշ բնակիչներ սեփական միջոցներով ծանր տեխնիկա են վարձակալում՝ փլատակներից հարազատների մարմինները դուրս բերելու համար, քանի որ փրկարարներն արդեն հեռացել են երկրից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Վենեսուելայի առողջապահական համակարգը գործում է ծայրահեղ ծանրաբեռնվածության պայմաններում։ Անօթևան մնացած մարդկանց շրջանում սանիտարական պայմանների բացակայությունը մեծացրել է ջրով փոխանցվող վարակների և պատվաստումներով կանխարգելվող հիվանդությունների տարածումը։
ՄԱԿ-ը մոտ 300 մլն դոլարի մարդասիրական օգնության կոչ է ներկայացրել՝ առաջիկա 6 ամիսներին երկրաշարժերից տուժած շուրջ 1,3 մլն մարդու աջակցելու համար։ ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը բնակարաններին և ենթակառուցվածքներին հասցված ուղիղ ֆիզիկական վնասը գնահատել է շուրջ 37 մլրդ դոլար։
Եվրամիությունը հուլիսի 15-ին հայտարարել է Վենեսուելային լրացուցիչ 20 մլն եվրոյի մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Գումարը նախատեսված է բժշկական սարքավորումների ձեռքբերման և որոնողափրկարարական խմբերի աշխատանքի ֆինանսավորման համար։ Այն կավելանա հունիսին հատկացված 5 մլն եվրոյին և տարեսկզբին Վենեսուելայի համար հայտարարված 52 մլն եվրո։
Associated Press-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում գործող Global Empowerment Mission կազմակերպությունը Վենեսուելա էր ուղարկել շուրջ 454 000 կգ մարդասիրական օգնություն։ Կազմակերպության 3 պահեստում աշխատել է մինչև 1000 կամավոր, իսկ օգնության խմբաքանակների փոխադրումը Վենեսուելա կազմակերպվել է ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցությամբ։
The Guardian-ը հայտնել է աղետի հետևանքների վերացման աշխատանքների վերաբերյալ հասարակական դժգոհության աճի մասին։ Տուժած բնակիչները հայտարարել են, որ առաջին օրերին ստիպված էին սահմանափակ գործիքներով ինքնուրույն որոնել փլատակներում մնացած հարազատներին։
Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի էր ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդով երկու երկրաշարժ։ Առավել շատ տուժել էին Կարակասի մերձակայքի շրջաններն ու Լա Գուայրայի ափամերձ նահանգը։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտնել էր անհետ կորած և վիրավոր հայերի, ինչպես նաև երկու հայ ընտանիքի տների փլուզման մասին։ Հուլիսի 2-ին երկրում 7-օրյա ազգային սուգ էր հայտարարվել։






































