ԱՄՆ Կոնգրեսում քննարկում են հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեմի հակառուսական պատժամիջոցների օրինագծի ընդունումը՝ ի հիշատակ սենատորի, գրում է The Hill-ը։
Պարբերականը նշում է, որ մեկ տարվա ընթացքում նախաձեռնության էջերի քանակը գրեթե կրկնապատկվել է։
Գրեմը մահից կարճ ժամանակ առաջ հայտարարել էր Մոսկվայի դեմ երկար ժամանակ արգելափակված պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ Սպիտակ տան հետ ձեռք բերված գործարքի մասին։ Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կաջակցի այդ նախաձեռնությանը։ Ինքը՝ Թրամփը, հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել։
Հոդվածում նշվում է, որ դեռևս 2025 թվականի ապրիլին ներկայացված օրինագծի ընդունումը նախկինում կանգ էր առել, քանի որ Թրամփը բանակցություններ էր վարում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։
Դեկտեմբերին հնարավորություն էր ստեղծվել նախաձեռնության ընդունման համար, սակայն դեմոկրատներն այդ ժամանակ մտահոգություն էին հայտնել մաքսատուրքերի վերաբերյալ նախագահի լայն լիազորությունների և պատժամիջոցները թուլացնող կետի առնչությամբ։ Հրապարակման համաձայն՝ նախաձեռնության առաջմղմանը նպաստել է այն, որ վերջին շաբաթներին Թրամփն ուժեղացրել է Ուկրաինային ուղղված աջակցությունը, մասնավորապես՝ թույլատրել է Patriot որսիչների համատեղ արտադրությունը։
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին 2026 թվականի օրենքի» նոր տարբերակը կրկնակի երկար է (61 էջ՝ նախկին 31-ի փոխարեն)։ Փոփոխությունների թվում են վերապահումների նկատմամբ լրացուցիչ պահանջները և Մոսկվայից պատժամիջոցները հանելուց առաջ Կոնգրեսին պարտադիր զեկույց ներկայացնելը։ Նախագծում ամրագրված են նաև երկրորդային սահմանափակումներ այն երկրների դեմ, որոնք օգնում են շրջանցել սահմանափակումները կամ մեծ ծավալներով ռուսական նավթ ու գազ են գնում՝ մինչև 100% մաքսատուրքեր սահմանելու իրավունքով (նախկինում առաջարկվում էր 500%)։
Բացի այդ, օրինագծում ներառված են պատժամիջոցներ հեղուկացված բնական գազի գործարանների, ստվերային նավատորմի դեմ և Վաշինգտոնի կողմից իրականացվող այլ ֆինանսական միջոցներ։
Ինչպես գրում է The Hill-ը, Սպիտակ տան և օրենսդիրների հայտարարությունները վկայում են, որ Գրեմի մահից հետո օրենքի ընդունման շանսերն աճել են։ ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը հայտնել է, որ փաստաթուղթը կուղարկվի պրոֆիլային կոմիտեներ, իսկ օրենքի ընդունումը կդառնա «հրաշալի ժառանգություն և գեղեցիկ հարգանքի տուրք Լինդսիի հիշատակին»։
Գրեմը մահացել է հուլիսի 11-ին՝ 71 տարեկան հասակում։ Մահվան նախնական պատճառը սիրտ-անոթային հիվանդության հետ կապված բարդություններն են, հայտնել է քաղաքական գործչի գրասենյակը։
Հաջորդ օրը Տեխաս նահանգից կոնգրեսական Մայքլ Մաքքոլը Financial Times-ին պատմել էր, որ Գրեմը մահվան օրը իր հետ քննարկել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը։ CBS-ի տվյալներով՝ Սպիտակ տունն աջակցել է ռուսական նավթ գնողների դեմ մաքսատուրքեր սահմանելու Գրեմի ծրագրին։
Գրեմը 2018 թվականին հանդես էր եկել նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման նախաձեռնության համահեղինակությամբ, որն ստացել էր «պատժամիջոցներ դժոխքից» (bill from hell) ոչ պաշտոնական անվանումը։ Այն նախատեսում էր սահմանափակումներ մտցնելու հնարավորություն ռուսական պետական պարտքի, ինչպես նաև ռուսական «կիբեռնետիկ ոլորտի» նկատմամբ։
Մոսկվան արևմտյան պատժամիջոցներն անօրինական է համարում։






































