Ստամբուլի Սկյուտար թաղամասում վերանորոգումից հետո վերաբացվել է հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին, հայտնել է Ermenihaber-ը։
Ըստ կայքի՝ եկեղեցու օծման արարողությանը մասանկցել են Կ. Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրամի նախագահ Րաֆի Քըրքորյանը, տնօրենների խորհուրդը և հոգևոր դասի ներկայացուցիչներ։
Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքությունը հուլիսի 8-ին հայտնել էր, որ անհայտ անձը ներխուժել էր Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք ու վնասել 6 դամբարան։ Քաղաքային իշխանությունների ջանքերով 48 ժամ անց հանցագործը հայտնաբերվել և կալանավորվել էր։
1593 թվականի ձեռագրում Սուրբ Կարապետ եկեղեցին արդեն հիշատակվում է որպես կառուցված։ Եկեղեցին վերանորոգվել էր 1617 թվականին, իսկ 1727 թվականին՝ վերաշինվել։ 1838 թվականին եկեղեցու հարևանությամբ կառուցվել էր ճեմարան-վարժարան, իսկ 1887 թվականի հրդեհից հետո այն կրկին վերակառուցվել էր 1888 թվականին։
Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է, որտեղ 20-րդ դարասկզբին ապրել է շուրջ 50 000 հայ։






































