ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել Փարիզին՝ Հայաստանի և Եվրոպական միության գործընկերության խորացմանն աջակցելու համար, հայտնել են կառավարությունից։
Ուղերձում Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային և անձամբ Մակրոնին՝ Հայաստանի ինքնիշխանության, երկրի դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական զարգացմանն աջակցելու համար։
Վարչապետն առանձնահատուկ ընդգծել է Ֆրանսիայի նախագահի անձնական ներդրումը Հայաստանի աջակցության գործում։ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։
Նրա խոսքով՝ այսօր երկու երկրների համագործակցությունը զարգանում է առանցքային բոլոր ուղղություններով՝ քաղաքական երկխոսությունից և պաշտպանությունից մինչև տնտեսություն, ներդրումներ, ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, գիտություն և մշակույթ։
Փաշինյանը նաև նշել է, որ համագործակցությունն ընդլայնվում է հեռանկարային ոլորտներում, այդ թվում՝ նորարարությունների, արհեստական բանականության, կենսաբազմազանության պահպանության և կլիմայական օրակարգի շրջանակում։ Նա վստահություն է հայտնել, որ համատեղ օրակարգի հետևողական իրականացումը Հայաստանի և Ֆրանսիայի ռազմավարական գործընկերությունը կհասցնի նոր մակարդակի։
Մակրոնը Հայաստան էր այցելել մայիսին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին։ Այցի շրջանակում նա հանդիպել էր Հայաստանի ղեկավարության հետ և մասնակցել Հայաստան-ԵՄ առաջին երկկողմ գագաթնաժողովի միջոցառումներին։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ նա իր աջակցությունն էր հայտնել Փաշինյանին։





































