«Երևանյան երկխոսություն» միջազգային 2-րդ համաժողովի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել Հայաստանին։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են ավար կամ մրցանակ: Երկրորդ համոզմունքը, ըստ Մակրոնի, այն է, որ Հարավային Կովկասը կարող վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև և լինել խաչմերուկ։
«Սա ենթադրում է, որ պետք է սահմանները բացել։ Ես ցանկանում եմ, որպեսզի հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք և ձեզ ուղեկցեն այս խաղաղության, ժողովրդավարության և բարգավաճման ճանապարհին, որպեսզի բոլոր սահմաններն ամբողջովին բացվեն»,- ասել է նա։
Մակրոնը նաև ողջունել է Հայաստանի ջանքերը խաղաղության հարցում և նշել, որ ՀՀ-ն է հիմք դրել տարածաշրջանի խաղաղության համար։
Ավելի ուշ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ, անդրադառնալով ԱԺ ընտրություններից մեկ ամիս առաջ Երևան ժամանելու հարցին, Մակրոնն իր աջակցությունն է հայտնել նրան։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ աջակցում է Փաշինյանին բաց և հրապարակային կերպով։
«Ես բացահայտ աջակցում եմ Փաշինյանին՝ որպես գործընկեր, ում վստահում եմ արդեն 8 տարի»,- ասել է Մակրոնը։
Նա շեշտել է, որ իր աջակցությունը չի կարելի համեմատել արտաքին միջամտությունների հետ։
«Ես ստանձնում եմ իմ այս դիրքորոշումը և պաշտպանում եմ Եվրոպան ու նրա որոշումները, բայց դա նույնը չէ, ինչ տեղեկատվության մանիպուլյացիան կամ ապատեղեկատվության տարածումը»,- շեշտել է նա։
Մակրոնի խոսքով՝ «իր գործողությունները թափանցիկ են և ուղղված են ժողովրդավարության պաշտպանությանը, մինչդեռ այլ միջամտությունները կատարվում են գաղտնի մեխանիզմներով՝ փորձելով ապակայունացնել երկրները»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Թարմացված է՝ 5.05.2026 | 17:20


























