Լիբանանում առաջին փորձնական գոտին, որը նախատեսում է Իսրայելի կողմից օկուպացված տարածքների նկատմամբ վերահսկողության փոխանցում, կգործարկվի առաջիկա օրերին, հայտնել է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյային։
«Այժմ մշակվում և պլանավորվում են հետագա փորձնական գոտիներ։ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) համակարգում է գործողությունները երկու երկրների հետ՝ այս գործընթացը առաջ մղելու համար»,- ասել է պաշտոնյան։
Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն «շուտով կսկսի համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ Լիբանանի կառավարությանը օգնելու արդյունավետորեն վերականգնել ինքնիշխանությունը այս գոտիներում և ողջ երկրում»։
Հաջորդ շաբաթ Հռոմում նախատեսված բանակցությունները կանցկացվեն փակ ձևաչափով, ինչը թույլ կտա լիազորություններ փոխանցել տեխնիկական խմբերին՝ աշխատելու 14 կետանոց շրջանակային համաձայնագրում նշված բոլոր հարցերի շուրջ։ Համաձայնությունը ձեռք է բերվել Իսրայելի և Լիբանանի միջև հունիսի վերջին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ կայացած բանակցություններից հետո։
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը կապել է երկրի շարունակական մասնակցությունը Իսրայելի հետ բանակցություններին Լիբանանի հարավում գտնվող օկուպացված տարածքներից զորքերի դուրսբերման սկզբի հետ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, իր հերթին, մերժել է զորքերի լայնածավալ դուրսբերման գաղափարը։
«Մենք ոչ մեկից թույլտվություն չենք խնդրել Լիբանան մուտք գործելու համար, և մեզ թույլտվություն պետք չէ Լիբանանում մնալու համար»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ՝ հունիսի 26-ին, Իսրայելը և Լիբանանը, ԱՄՆ միջնորդությամբ, ստորագրել էին հակամարտության փուլային կարգավորման շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում է իսրայելական զորքերի մասնակի դուրսբերում Լիբանանի տարածքից։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ առաջին փուլում Իսրայելը դուրս կգա Լիբանանի հարավում գտնվող երկու տարածքներից՝ Լիտանի գետից հյուսիս և հարավ։ «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը մերժել է համաձայնագիրը և փաստաթուղթն անվանել «կապիտուլյացիա»։
Ապրիլին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որից հետո պետք է մեկնարկեին բանակցությունները Պակիստանում, սակայն առաջին փուլը հաջողությամբ չէր ավարտվել։ Հունիսի 12-ին Իրանը հրապարակել էր ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման 14 կետից բաղկացած հուշագիր, իսկ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ։
Շվեյցարիայում հունիսի 21-ին ավարտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում կրել էր տեխնիկական բնույթ։ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել էին 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզին։






































