«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո իշխանական շրջանակներից կապ են հաստատել մարզիկների հետ և սպառնացել, որ որևէ ձևով աջակցություն չհայտնեն նրան, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ ԶԼՄ-ի՝ մարզիկները զանգեր են ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, կառավարության և Սպորտի նախարարության հետ կապված պաշտոնյաներից։ Թերթը պնդում է, որ սա շատ մարզիկների ստիպել է հետ վերցնել իրենց հրապարակային հայտարարությունները։
Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին 2 ամսով կալանավորել խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով։ Իրավապահները հրապարակել էին Ծառուկյանի ձերբակալման տեսանյութը, որում Ծառուկյանին տապալել էին գետնին։
Հուլիսի 8-ին ԱԺ նախկին պատգամավոր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն ու աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանն աջակցություն էին հայտնել Ծառուկյանին՝ քննադատելով նրա նկատմամբ իրականացված գործողությունները։ Ծառուկյանի դեմ գործողությունները Ջուլֆալակյանն անվանել էր «այլանդակություն»։ Ավդալյանն ընդգծել էր, որ «ցանկացած պարագայում պետք է պահպանվի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը» և, որպես մարդ ու մարզիկ, չի կարող անտարբեր մնալ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։





































