Իրավապահների հարուցած աղմկոտ գործերից ցանկալի արդյունք չստանալու պատճառով իշխանության ներսում քննարկվում է ուժային համակարգում կադրային փոփոխությունների հարցը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիրախում են հայտնվել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նշված պաշտոնյաներից ոմանց դեպքում քննարկվում է պաշտոնական տեղափոխության տարբերակը, իսկ մյուսները կանցնեն իշխանության կադրային բազա։
Պարբերականը հավելում է, որ կառավարության նոր կազմի ձևավորումից հետո Փաշինյանը մտադիր է անցնել նաև դատական իշխանության վերաձևավորմանը՝ ընդհուպ դատավորներին կալանավորելով, նրանց լիազորությունները կասեցնելով կամ դադարեցնելով։
Փաշինյանը հունիսի 11-ին հայտարարել էր, որ կառավարության կազմում էական փոփոխություններ չեն լինի։ Այնուհադերձ, ԶԼՄ-երն արդեն գրել են որոշ պաշտոնյաների հնարավոր պաշտոնանկությունների մասին, այդ թվում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի։





































