Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից (Datalex.am):
Հայցով նա պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին հրապարակայնորեն հերքել հունիսի 11-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հնչեցրած հայտարարությունը, թե «ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե», իսկ մյուս ուժերի օգտին «առանց փողի ոչ մեկը չի քվեարկել»։
Հայցի համաձայն՝ Գալստանյանը պահանջում է, որ հերքումը հրապարակվի կառավարության և վարչապետի պաշտոնական կայքերում, ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլում։ Նա, ըստ հայցի, նաև պահանջում է Փաշինյանից բռնագանձել 49,7 դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում և նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Շուրջ 1 տարի կալանքից հետո հունիսի 4-ին Գալստանյանի կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։ Նա առաջնորդում էր «Տավուշը հանուն հայրենիքի» («Սրբազան պայքար») ընդդիմադիր շարժումը։ Նրան և նրա մի շարք կողմնակիցների մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով, որոնք ներառում են իշխանությունը զավթելու նախապատրաստություն, զանգվածային անկարգությունների կազմակերպում ու ահաբեկչություն։ Նրանք չեն ընդունել առաջադրված մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքական։
Կարդացեք նաև՝
Դատարանը բավարարել է Բագրատ Գալստանյանի հայցն ընդդեմ «Հանրապետության» անդամների




































