Լիբանանի առողջապահության նախարարությունը թարմացրել է Իսրայելի և շիական «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գերատեսչության տվյալներով՝ մարտի 2-ին սկսված ռազմական էսկալացիայի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը զգալիորեն աճել է։
«Ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր սպանված լիբանանցիների ընդհանուր թիվը հասել է 4319-ի, իսկ վիրավորներինը՝ 12 203-ի»,- նշված է X սոցիալական հարթակում հրապարակված գերատեսչության ամփոփագրում։
Հունիսի 26-ին Իսրայելն ու Լիբանանը շրջանակային համաձայնագիր էին ստորագրել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ ԱՄՆ-ի հովանու ներքո լիբանանա-իսրայելական բանակցությունների հինգերորդ փուլն ընթացել էր Վաշինգտոնում՝ հունիսի 23-25-ը: Ըստ ԶԼՄ-ների՝ համաձայնագրով իսրայելական ուժերը փուլային դուրս կբերվեն Լիբանանի տարածքից։




































