Լոռու մարզի Ջրաշեն գյուղում դանակահարվել են նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը, հայտնել է «Ազատությունը»։
Նշվում է, որ նրանք վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց, որտեղ Եղիազարյանը վիրահատվել է, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում։
Armenia Today-ին ՆԳՆ-ից հայտնել են, որ միջադեպի հետ կապված մեկ անձ ձերբակալվել է։ Ըստ ՆԳՆ-ի՝ վիճաբանությունն ու դրան հետևած ծեծկռտուքը տեղի են ունեցել մեքենան վարելու հարցի շուրջ։
Սպիտակի հիվանդանոցի տնօրեն Վարդուհի Սիսակյանն «Ազատությանը» հայտնել է, որ նախկին վարչական ղեկավարի հայրը ևս որովայնի վնասվածքներ է ունեցել, այս պահին վիրահատվում է, Եղիազարյանի մայրը ոտքի վնասվածք է ստացել, նա ևս բուժում է ստանում։
Ծեծվել ու դանակի հարվածներ է ստացել նաև ենթադրաբար Եղիազարյաններին դանակահարողը՝ Արեն Վարդանյանը։ Նա տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։ «Ազատության» տեղեկություններով՝ 23-ամյա երիտասարդը ռազմական ոստիկանության ծառայող է։
Ըստ «Ազատության» տվյալների՝ երիտասարդը Եղիազարյանների տան հարակից ճանապարհով չի կարողացել անցնել մեքենայով։ Խնդրել է բացել ճանապարհը, որտեղ կայանած էր Եղիազարյանների մեքենան։ Խնդրանքը չի բավարարվել, ու ծեծկռտուք է սկսվել երիտասարդի ու նախկին վարչական ղեկավարի միջև, ինչին միջամտել են նաև ընտանիքի անդամները։
Եղիազարյանը վարչական ղեկավարի պաշտոնից ազատվել էր այն բանից հետո, երբ նրա նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել՝ դատավորին կաշառք տալու մեղադրանքով։ Դրանից հետո վարչական ղեկավարի պաշտոնում նշանակվել է Եղիազարյանի եղբոր կինը, որը պաշտոնավարում է մինչև այսօր։
Եղիազարյանը հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ ղեկավարում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ջրաշենի շտաբը։


































