Հայ դպրոցականները 6 մեդալ են նվաճել Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում, հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը։
30-րդ օլիմպիադան անցկացվել է Ռումինիայի Բուզեու քաղաքում, որին մասնակցել է 23 պետության 133 աշակերտ։
Հայաստանի թիմը ներկայացրել է 6 մասնակից։ Մրցույթի արդյունքներով հայ դպրոցականները նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալներ։
Ոսկե մեդալ է նվաճել «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Մանուկյանը, արծաթե մեդալ՝ «Այբ» դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Լևոն Հայրապետյանը, իսկ բրոնզե մեդալի են արժանացել «Գազպրոմ Արմենիա» հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Էրիկ Հասրաթյանը և Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Թադե Մորադյանհաջիաբադին, Արտաշես Թումանյանը և Խաչատուր Վարդանյանը։
Առաջին JBMO-ն անցկացվել էր 1997 թվականին Բելգրադում, իսկ վերջին տարիներին մրցույթը հյուրընկալել են Հյուսիսային Մակեդոնիան, Թուրքիան, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան և այլ երկրներ։
Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադան՝ JBMO-ն, ամենամյա միջազգային մրցույթ է մինչև 15,5 տարեկան դպրոցականների համար։ MASSEE-ի կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել մինչև 6 աշակերտ, իսկ մրցույթը տևում է 4,5 ժամ և ներառում է 4 խնդիր՝ հանրահաշիվ, երկրաչափություն, թվերի տեսություն և կոմբինատորիկա թեմաներից։






































