«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է, «Փաստինֆո»-ին հայտնել է կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։
«Ի սկզբանե՝ ասել էինք, որ մեր կուսակցությունն ինքնալուծարվող է։ Ի սկզբանե՝ հայտարարել էինք, որ մենք տարբեր մարդիկ ենք՝ տարբեր գաղափարներով և միավորվել ենք մեկ օրակարգի շուրջ՝ փոխելու ընտրական խաղի կանոնները։ Անկախ ընտրությունների արդյունքից՝ մենք չենք պատրաստվում «բոլորին դեմ» մարդկանց ձայներն ու այդ բրենդն օգտագործել մեր քաղաքական ամբիցիաների համար»,- ասել է նա։
Նահապետյանի փոխանցմամբ՝ առաջիկայում կկազմակերպեն կուսակցության ինքնալուծարման գործընթացը, իսկ նույն գաղափարները կիսող մարդիկ, հնարավոր է, հետագայում քաղաքականությամբ զբաղվելու այլ՝ ինստիտուցիոնալ կամ ոչ ինստիտուցիոնալ ձևեր ընտրեն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին հրապարակել էր հունիսի 7-ին Հայաստանում անցկացված Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել էր 49,7456% (726 818 ձայն), «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271% (340 006 ձայն), իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,9231% (144 983 ձայն)։ ԲՀԿ-ն ստացել էր 3,9893% (58 287 ձայն), «Միասնության թևեր» կուսակցությունը՝ 2,2954% (33 537 ձայն), Հայաստանի շնորհապետական կուսակցությունը՝ 2,0972% (30 642 ձայն), «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը՝ 1,7630% (25 758 ձայն), «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը՝ 1,7488%, (25 523 ձայն), իսկ «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը՝ 1,4497% (21 181 ձայն)։
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է՝ 2 506 826, մասնակցել էր 1 476 769 ընտրող։ Անվավեր քվեաթերթիկների վերջնական թիվը 16 210 էր։





































