Վերաքննիչ դատարանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով որոշում կայացնելու նպատակով անցել է խորհրդակցական սենյակ։
Նիստը նախագահող դատավոր Էդգար Մանասյանը հայտարարել է, որ որոշումը կհրապարակվի, երբ պատրաստ լինի։ Այլ մանրամասներ դատարանը չի նշել, ինչը հարուցել է Աջապահյանի աջակիցների դժգոհությունը։
Աջապահյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Մարինե Ֆարմանյանը լրագրողներին հայտնեց, որ պրակտիկայում նման դեպքեր լինում են, երբ դատարանը հեռանում է առանձնասենյակ՝ չնշելով, թե կոնկրետ ինչ ժամանակահատվածում կհայտնի որոշումը։
«Դա իրավաչափ գործընթաց է, և հիմա մենք պիտի սպասենք, որ դատարանը որոշման ժամը պաշտպանական թիմին նախապես տեղեկացնի»,- նշել է նա։
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Ֆարմանյանը դատարանից, նա պատասխանել է, որ քրեադատավարական ընթացակարգերի տեսանկյունից առհասարակ այդ գործը չպետք է լիներ դատարանում։
«Պաշտպանական թիմը բազմիցս ասել է, որ սա քաղաքական հետապնդում է՝ իր բոլոր խախտումների առկայությամբ։ Ինչ որոշում կայացնի դատարանը, իհարկե, չենք կարող կանխատեսել, բայց դատարանի լիազորությունների շրջանակը հետևյալն է. կա՛մ պետք է բեկանի առաջին ատյանի դատավճիռը և արդարացման դատական ակտ կայացնի, կա՛մ նյութաիրավական ու դատավարական իրավունքների խախտումներ արձանագրի և, ենթադրենք, բեկանի ու ուղարկի նոր քննության, կա՛մ փոփոխի դատական ակտը»,- նշել է նա։
Ֆարմանյանը հույս է հայտնել, որ դատարանն արդարացման դատական ակտ ներկայացնելու կամք կդրսևորի և, անկախ վերջնական որոշումից, խափանման միջոցը կփոխի։
Դահլիճը լքելիս լրագրողների հարցին թե ինչ ակնկալիք ունի դատարանից, Աջապահյանը պատասխանել է՝ «ինձ համար լրիվ մեկ է»։
Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Փետրվարի 6-ին դատարանն արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառել էր տնային կալանք, իսկ մարտի 18-ին այդ որոշումը թողել էր անփոփփոխ, սակայն թույլատրել էր մասնակցել կիրակնօրյա պատարագներին և Սուրբ հաղորդություն ստանալ։





































