«Միասնության թևեր» կուսակցությունը կոչ է արել ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժի դիմել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ միացված գործում որպես երրորդ անձ ներգրավվելու համար։
Կուսակցությունում նշել են, որ այդպիսով նրանք կպաշտպանեն իրենց օգտին քվեարկած քաղաքացիների ձայները։
«Միասնության թևերը» հայտնել է, որ Սահմանադրական դատարանը հունիսի 23-ի աշխատակարգային նիստում չի քննարկել իրենց միջնորդությունը՝ մյուս քաղաքական ուժերին սեփական նախաձեռնությամբ որպես երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ։
ՍԴ-ն արձանագրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները որպես երրորդ անձ կարող են դատավարությանը ներգրավվել կա՛մ իրենց դիմումի հիման վրա, կա՛մ ՍԴ-ի նախաձեռնությամբ, իսկ մեկ կուսակցության ներկայացրած միջնորդությունն այլ կուսակցության առնչությամբ դատարանը չի քննարկում։
«Միասնության թևերը» նշել է, որ իր միջնորդության նպատակն այն էր, որ ՍԴ-ն սեփական նախաձեռնությամբ գործին ներգրավի բոլոր ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին, քանի որ կայացվելիք որոշումը վերաբերում է նրանց բոլորին։
Քանի որ միջնորդությունը չի քննարկվել, կուսակցությունը կոչ է արել «Լուսավոր Հայաստան», «Հայաստանի Հանրապետական», «Բոլորին դեմ», «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ», «Հայ ազգային կոնգրես», «Հանրապետություն», «Ազգային ժողովրդավարական բևեռ», «Քոչարի» ազգային վերածնունդ և ազգի զարթոնք, «Ժողովրդավարական համախմբում» և «Ռեֆորմիստների» կուսակցություններին ինքնուրույն դիմել ՍԴ և ներգրավվել գործին որպես երրորդ անձ։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 7-ը հունիսի 19-ին վիճարկել էին քվեարկության արդյունքները ՍԴ-ում՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Որպես այլընտրանք՝ առաջարկվել է անցկացնել երկրորդ փուլ, կրկնակի քվեարկություն կամ էլ մանդատների բաշխման այլ կարգ կիրառելու առաջարկներ։ ՍԴ-ն ավելի ուշ միավորել էր ընտրությունները վիճարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումը։ ՍԴ-ն գործով երրորդ կողմ է ներգրավվել նաև «Քաղաքացիական պայմանագրին»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով՝ 18 քաղաքական ուժից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):
Կարդացեք նաև՝
Ընտրությունների մասին դիմումները ՍԴ-ն կքննի հունիսի 26-ից․ Վարդևանյան




































