Իրանը և ԱՄՆ-ն հաղորդակցության գիծ են ստեղծել Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու համար, ասվում է Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ։
Հուշագիրը կօգնի ապահովել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունները։ Կատարի և Պակիստանի տվյալներով՝ հանդիպումն անցել է «դրական և կառուցողական մթնոլորտում»։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել բարձր մակարդակի կոմիտե, որը կզբաղվի միջուկային հարցերով, պատժամիջոցներով, ինչպես նաև հուշագրի արդյունավետ իրականացման համար մոնիթորինգի և վեճերի լուծման մեխանիզմով։ Կոմիտեն նաև համաձայնեցրել է 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը։
Տեխնիկական բանակցությունները բոլոր հարցերի շուրջ կշարունակվեն շաբաթվա մնացած օրերին՝ Բյուրգենշտոկի հանգստավայրում։ Կատարն ու Պակիստանը հայտարարել են, որ կշարունակեն ջանքերը՝ բանակցությունները կառուցողական մթնոլորտում պահելու և վերջնական համաձայնության հասնելու նպատակով։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: 14 կետից բաղկացած փաստաթղթով ևս 60 օրով երկարաձգվել էր ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։
Շվեյցարիայում հունիսի 21-ին ավարտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում կրել էր տեխնիկական բնույթ։ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել էին 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզին։ Կատարը և Պակիստանը հանդես են գալիս որպես միջնորդներ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջընթացի մասին:





































