Հնդկական Red Balloon Aerospace ստարտափը և հայկական Bazoomq Space Research Laboratory-ն համագործակցության հուշագիր են ստորագրել՝ բարձրադիր օդապարիկների տեխնոլոգիաների և մերձտիեզերական փորձարկումների զարգացման համար, հայտնում է Orbital Today-ը։
Համագործակցության շրջանակում կողմերը նախատեսում են իրականացնել համատեղ ստրատոսֆերային ցուցադրական թռիչքներ և սարքավորումներն ու բորտային համակարգիչները փորձարկել մերձտիեզերական իրական պայմաններում՝ ստրատոսֆերայում։
Նախատեսվում է մշակել և փորձարկել բորտային AI համակարգեր, որոնք կկարողանան իրական ժամանակում մշակել տվյալներ, կառավարել բեռների աշխատանքը և ապահովել կիսաինքնավար աշխատանք՝ առանց մշտական ցամաքային միջամտության։
Red Balloon Aerospace-ը մայիսի 27-ին գործարկել էր VISTA պլատֆորմը՝ Հնդկաստանի առաջին տեղական ստրատոսֆերային գերճնշումային օդապարիկը՝ առևտրային բեռներ տեղափոխելու հնարավորությամբ։
Bazoomq-ի համար համագործակցությունը հիմնվում է Հայաստանի AYAS Aerospace Society-ի հետ իրականացված նախորդ ստրատոսֆերային աշխատանքների վրա և դիտարկվում է որպես քայլ՝ հայկական մասնավոր տիեզերական տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացման ուղղությամբ։
Հայաստանն ու Հնդկաստանը 2017 թվականի ապրիլի 25-ին համաձայնագիր էին ստորագրել տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ երկրների միջև ստորագրված փաստաթղթերի թվում էր նաև 2023 թվականի հունիսի 12-ի հուշագիրը Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հնդկաստանի էլեկտրոնիկայի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջև՝ թվային վերափոխման համար հաջողված թվային լուծումների փոխանակման ոլորտում համագործակցության մասին։






































