Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճից հետո կալանավորված և բանտում հացադուլ հայտարարելուց հետո կալանքից ազատ արձակված արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը դատի է տվել Փաշինյանին։
Նա նշել է, որ մայիսի 18-ին Փաշինյանի կողմից իր նկատմամբ հնչեցրած զրպատության և կեղծ տեղեկություններ տարածելու պատճառով իր արժանապատվությունը պաշտպանելու համար դիմել էր ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, քանի որ անազատության մեջ այլ տարբերակ չի ունեցել։
«Բայց հաշվի առնելով, որ դատախազությունը փոխել է խափանման միջոցը, ես շարունակում եմ պայքարը այլ ճանապարհով, և այսօր հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն և նրան ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»,- նշել է Օսիպյանը։
Նա հավելել է, որ իր դեմ նախաձեռնված քրեական վարույթը դեռ ընթացքի մեջ է։
Օսիպյանը Փաշինյանին դատի տալու մտադրության մասին հայտնել էր կալանքից ազատ արձակվելուց անմիջապես հետո։
Օսպիյանը ձերբակալվել էր Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Քաղաքական գործիչը պնդել էր, թե Փաշինյանը տեղյակ էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից բաժանվող ընտրակաշառքների մասին, սակայն, չնայած դրան, աջակցել էր նրան։ Միջադեպի ընթացքում վարչապետը դիմել էր Օսիպյանին՝ հետևյալ խոսքերով. «Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։
Մայիսի 21-ին Օսիպյանին կալանավորել էին, որից հետո նա հացադուլ էր հայտարարել։ Մայիսի 29-ին արցախցի գործիչը վարչապետից պահանջել էր ներողություն խնդրել իրենից և այն արցախցիներից, որոնք, նրա խոսքով, չեն խուսափել պատերազմից և ստիպված էին Արցախը լքել։ Հունիսի 9-ին Հովհաննիսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ արցախցի գործչի առողջական վիճակը վերջին օրերին վատթարացել է։ Հունիսի 10-ին դատախազությունը որոշում էր կայացրել վերացնել Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։






































