Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգ այցի ընթացքում ԵՄ երկրներին հորդորել է ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին արագացնել Հայաստանին աջակցելու քայլերը, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Բրյուսելում իր աղբյուրներին։
Ըստ ռադիոկայանի՝ Եվրահանձնաժողովը Միրզոյանին վերահաստատել է ավելի վաղ Հայաստանին արտոնյալ առևտրային պայմաններ առաջարկելու իր հանձնառությունը, որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի և քվոտաների։ Ապրանքների ցանկն, ըստ «Ազատության» աղբյուրների, հայտնի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում։
Միրզոյանը եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկել է նաև էներգետիկ ոլորտը դիվերսիֆիկացնելու Հայաստանի ցանկությունը և շեշտել այդ ուղղությամբ ԵՄ կողմից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, գրել է ԶԼՄ-ն։ Այդ հանդիպումների ընթացքում, ըստ աղբյուրի, Միրզոյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը կբացվի առաջիկա ժամանակահատվածում, մյուս կողմից էլ նշել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առկա անորոշությունը, որն ի հայտ է եկել հունիսի 7-ի ընտրություններից հետո։
Ռուսական սահմանափակումների ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հունիսի 4-ին հայտարարել էր, որ Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 50 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն՝ միտված հայկական ագրոպարենային արտադրանքի՝ եվրոպական շուկա մուտքի հեշտացմանը։ Հունիսի 17-ին Financial Times պարբերականը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու նպատակով հրատապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում։
Հունիսին Հայաստանից Լատվիա արտահանվել էր 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ «Ռոսսելխոզնադզորում» նշել էին, որ 2025-ին ՌԴ-ում ծաղիկների ներմուծման ծավալը կազմել էր 96,2 մլն (հատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել էր ռուսական շուկա։
Կարդացեք նաև՝






































