Վերին Լարսի անցակետում արդեն մոտ քսան օր է՝ բարդ իրավիճակ է ստեղծվել, ինչի հետևանքով Ռուսաստանից Հայաստան վերադարձող բեռնատարների երկար կիլոմետրերով հերթեր են գոյացել, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Հարյուրավոր բեռնատարներ, ըստ թերթի, օրերով սպասում են ռուս-վրացական սահմանը հատելու թույլտվությանը՝ Հայաստան հասնելու համար։
Թերթի հետ զրույցում վարորդներից մեկն ասել է, որ կտրոն ամրագրելու հերթը չի հասնում, քանի որ ռուսական կողմն օրական միայն մի քանի բեռնատար է բաց թողնում, իսկ մնացած մեքենաներն ստիպված են կանգնած մնալ սահմանին։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
Հունիսին Հայաստանից Լատվիա արտահանվել էր 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ «Ռոսսելխոզնադզորում» նշել էին, որ 2025-ին ՌԴ-ում ծաղիկների ներմուծման ծավալը կազմել էր 96,2 մլն (հատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել է ռուսական շուկա։
Financial Times պարբերականը հայտնել էր, որ ՌԴ սահմանափակումների ֆոնին Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու նպատակով հրատապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում։
Կարդացեք նաև
Ծաղիկները սպասում են ընտրություններին




































