Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճից հետո կալանավորված և կալանքից ազատ արձակված Արթուր Օսպիյանը հայտնել է Փաշինյանին դատի տալու մտադրության մասին։
Նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը չի բացառել հացադուլին վերջ տալը և պայքարն այլ եղանակով շարունակելը։
«Այն պարագայում, երբ Օսիպյանին վիրավորած անձը չզղջա և բարոյափոխվի և իր մեջ այնքան ուժ չգտնի, որ ներողություն խնդրին, հնարավոր է՝ պայքարի եղանակի փոփոխություն»,- հայտարարել է Հովհաննիսյանը։
Օսիպյանը շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին և հայտարարել, որ նպատակ ունի դատարանի միջոցով Փաշինյանին ստիպել հերքել իր կողմից հնչեցված հայտարարությունները։
Նա հայտնել է, որ Փաշինյանի հայտարարությունների տակ քրեական հանցագործության տարրեր կան, և դիմելու են դատարան։ Արցախցի գործիչը նշել է՝ գիտեն, թե «ինչպես են աշխատում դատարանները» և գնալու են ընդհուպ մինչև միջազգային դատարաններ։ Նա հավելել է, որ «Սարգսյան Սերժին մերժել են և տեղն ստացել Փաշինյան Սերժ»։
Օսպիյանը ձերբակալվել էր Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Քաղաքական գործիչը պնդել էր, թե Փաշինյանը տեղյակ էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից բաժանվող ընտրակաշառքների մասին, սակայն, չնայած դրան, աջակցել էր նրան։ Միջադեպի ընթացքում վարչապետը դիմել էր Օսիպյանին՝ հետևյալ խոսքերով. «Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։
Մայիսի 21-ին Օսիպյանին կալանավորել էին, որից հետո նա հացադուլ էր հայտարարել։ Մայիսի 29-ին արցախցի գործիչը վարչապետից պահանջել էր ներողություն խնդրել իրենից և այն արցախցիներից, որոնք, նրա խոսքով, չեն խուսափել պատերազմից և ստիպված էին Արցախը լքել։ Հունիսի 9-ին Հովհաննիսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ արցախցի գործչի առողջական վիճակը վերջին օրերին վատթարացել է։ Հունիսի 10-ին դատախազությունը որոշում էր կայացրել վերացնել Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։



































