Հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են ծայրահեղ բևեռացված մթնոլորտում, ուղեկցվել բարձր դիմակայությամբ և պառակտող հռետորաբանությամբ, ասված է ԵԱՀԿ Միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում։
Ըստ դիտորդների՝ քաղաքական բանավեճերը կառուցվել են «խաղաղության և պատերազմի» միջև ընտրության թեզերի շուրջ, իսկ կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության միջև լարվածությունն է՛լ ավելի է խորացրել բևեռացումը։
Առաքելությունն արձանագրել է նաև արտաքին ուղղակի ճնշումներ քարոզարշավի ընթացքում՝ ուղղված ընդդիմադիր ուժերի օգտին ընտրողների վրա ազդելուն։ Մասնավորապես, ՌԴ պաշտոնական անձինք տնտեսական և անվտանգային հետևանքներով են սպառնացել Հայաստանին՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման դեպքում։
Քարոզարշավն ուղեկցվել է ընտրակաշառքների և այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով։ Իշխանությունները բազմաթիվ քրեական վարույթներ են նախաձեռնել ընդդիմադիր թեկնածուների ու ակտիվիստների նկատմամբ։ Դիտորդների գնահատմամբ՝ հիմնականում ընդդիմության կողմնակիցներին առնչվող այս քննությունները ձևավորել են օրենքի ընտրողական կիրառման ընկալում, ինչի պատճառով շատերը հրաժարվել են ակտիվ քարոզչությունից։ Մտահոգություն է առաջացրել նաև վարչական ռեսուրսի կիրառումը, այդ թվում՝ հանրային հատվածի աշխատողներին իշխող ուժի հավաքներին ներգրավելու ճնշումները և վերջերս ներդրված սոցիալ-տնտեսական միջոցառումները։
Զեկույցում նշվում է, որ մեդիադաշտի բևեռացվածությունը, կողմնակալ լուսաբանումն ու մանիպուլյատիվ բովանդակությամբ առցանց արշավները սահմանափակել են անկողմնակալ տեղեկատվության հասանելիությունը։ Նախընտրական ֆինանսավորման ոչ բավարար վերահսկողությունը ևս սահմանափակել է թափանցիկությունը։
Դիտորդները հայտնում են, որ ընտրացուցակներում ներառվել է վերջերս քաղաքացիություն ստացած 20 101 արցախցի փախստական, սակայն ևս 6000 դիմում մինչև քվեարկության օրը մնացել է անպատասխան՝ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով։ Թեև թեկնածուների գրանցումը որակվել է ներառական, առաքելությունն ընդգծել է, որ երկքաղաքացիների, երկարատև բնակության և լեզվի իմացության պահանջների սահմանափակումները չեն համապատասխանում Եվրոպայի խորհրդի ստանդարտներին, իսկ անհատական թեկնածուների առաջադրման արգելքը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին։
Բուն քվեարկության օրվա գործընթացը տեղամասերի ճնշող մեծամասնությունում գնահատվել է դրական, հանգիստ և կազմակերպված։ Այդուհանդերձ, արձանագրվել են խնդիրներ՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղամասերի հասանելիության, կուտակումների, ընթացակարգային սխալների և ընտրության մասնակիցների ներկայացուցիչների միջամտության դեպքերի հետ։ Բացի այդ, 38 տարածքային ընտրական հանձնաժողովներից 11-ում դիտորդների հասանելիությունը տվյալների մուտքագրմանը սահմանափակվել է՝ կիբեռանվտանգության հիմնավորմամբ, ինչը նվազեցրել է գործընթացի թափանցիկությունը։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել էին ԱԺ ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%): Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Հունիսի 9-ին շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։
Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
«Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ ԿԸՀ տվյալները չեն արտացոլում ընտրությունների իրական արդյունքները։ Ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ։
Կարդացեք նաև՝





































