Հայաստանն ավելի քան 700 մլն դոլար (ավելի քան՝ 250 միլիարդ դրամ - խմբ.) կկորցնի, եթե իր գյուղատնտեսական արտադրանքը չիրացվի Ռուսաստանում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Միայն գյուղատնտեսական արտադրանքի գծով, որի ավելի քան 96%-ն սպառում է Ռուսաստանը, երկիրը տարեկան կկորցնի ավելի քան 700 մլն դոլար և հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր աշխատատեղեր»,- ասված է ՌԴ ԱԽ մամուլի ծառայության տարածած մեկնաբանության մեջ։
Մոսկվայից հնչող քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, որոնց թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակներ, մրգերի և բանջարեղենի որոշ տեակներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի սահմանափակումների պատճառով տուժած բիզնեսին։
«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական աղբյուները հայտնել էին, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Փաշինյանը Ռուսաստանի կողմից ՀՀ-ի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին քննարկելու են Եվրամիության աջակցությունը Հայաստանին։




































