Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի հետ գազային համաձայնագրի հնարավոր չեղարկման հարցն անվանել է կորպորատիվ և այն վերահասցեավորել «Գազպրոմին», տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով հարցը, թե արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է քննարկել Հայաստանին արտոնյալ պայմաններով գազի մատակարարման համաձայնագրի չեղարկումը։
«Պետք է հարցնեք «Գազպրոմին». ես ոչինչ չգիտեմ չեղարկման մասին։ Կա արտոնյալ գին, այն կարող է լինել ավելի բարձր կամ ցածր, կարող է վերանայվել, և կորպորացիաները կարող են բարձրացնել այս հարցը։ Սա կորպորատիվ հարց է. դուք պետք է այն ուղղեք «Գազպրոմին»»,- լրագրողներին ասել է նա։
Գազին վերաբերող հարցից բացի, Պեսկովը մեկնաբանել է նաև Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը։ Նրա խոսքով՝ ներկայիս գագաթնաժողովը չի որոշելու Հայաստանի անդամակցության ճակատագիրը․ Երևանը կշարունակի մասնակցել կազմակերպության միջոցառումներին աշխատանքային մակարդակով։
«Ոչ ոք չի կարող համոզել Հայաստանին մնալ ԵԱՏՄ-ում, սակայն անհրաժեշտ են պարզաբանումներ»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Երևանի քայլերը չպետք է խոչընդոտեն Միության մյուս անդամների ինտեգրմանը։
ՌԴ նախագահի խոսնակն ընդգել է նաև, որ ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ Հայաստանը գրանցում է իր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճ։
«Մենք հստակ տեսնում ենք այն դիվիդենտները, որոնք Հայաստանն ստանում է ԵԱՏՄ-ին անդամակցությունից՝ երկրի ՀՆԱ աճի տարեկան մի քանի տոկոսային կետի կայուն աճ»,- ասել է Պեսկովը և հավելել, որ Եվրամիությունը (ԵՄ) կարո՞ղ է արդյոք ապահովել նման զարգացում, որոշումը կայացնում են հայերը։
Պեսկովը նաև հայտարարել է, որ Հայաստանն ընդունել է համապատասխան օրենք, որն իրավաբանորեն պարտավորեցնում է Երևանին կենտրոնանալ եվրաինտեգրման վրա։ Պատասխանելով Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարների վերաբերյալ հարցին՝ Պեսկովը կասկածի տակ է դրել դրա իրատեսականությունը՝ օրինակ բերելով Թուրքիային, որին, իր խոսքով, «տարիներ շարունակ գազար են ցույց տալիս»։
Նա նաև հայտնել է, որ մոտ ապագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում նախատեսված չէ։
Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ, կասեցվել էր «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։
Ավելի ուշ կասեցրել էր նաև Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ինչպես նաև ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:






































