Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև ընդունել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և ստորագրել կարևորագույն հանքանյութերի ու հազվագյուտ հանածոների ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր։
Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունն ամրագրում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ տարվող քաղաքական կուրսը։ Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն էներգետիկայի, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների, արհեստական բանականության, կիսահաղորդիչների, թվայնացման, տիեզերքի և քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտներում։
Անվտանգության ոլորտում կողմերը հայտարարում են պաշտպանական համագործակցության խորացման մտադրության մասին՝ ներառյալ Հայաստանի մասնակցությունը ԱՄՆ-ի ռազմական կրթության և սպառազինությունների ձեռքբերման ծրագրերին, ինչպես նաև կանոնավոր երկկողմ խորհրդակցությունների անցկացումը։ Միաժամանակ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի պաշտպանական և կիբեռանվտանգային կարողությունների զարգացմանը և վերազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուժեղացմանը։
Առանձին բաժին վերաբերում է հումանիտար և հասարակական փոխգործակցությանը՝ մշակութային, կրթական և գիտական փոխանակումների զարգացմանը, ներառյալ Ֆուլբրայթ ծրագրերը և այլ նախաձեռնություններ։ Փաստաթղթի վերաբերյալ մանրամասներին Armenia Today-ը անդրադարձել է իր նյութում։
Կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրում ընդգծվում է, որ Հայաստանը և ԱՄՆ-ը հանքանյութերի մատակարարման ապահովումը դիտարկում են որպես տնտեսական և տեխնոլոգիական անվտանգության բաղադրիչ։ Կողմերը հայտարարում են «բազմազանեցված, թափանցիկ և դիմակայուն» շուկաների զարգացման, ինչպես նաև «ոչ շուկայական քաղաքականությունների» և «անարդար առևտրային պրակտիկաների» դեմ հակազդելու մտադրության մասին։
Նախատեսվում է պետական և մասնավոր միջոցների ներգրավում՝ վարկերի, երաշխիքների, ապահովագրության, բաժնետիրական ներդրումների և այլ գործիքների միջոցով։ Վեց ամսվա ընթացքում կողմերը նախատեսում են ուսումնասիրել խոշոր ներդրումային ծրագրերի գործարկման հնարավորությունը, որոնք ուղղված կլինեն երկու երկրների շուկաների համար վերջնական արտադրանքի արտադրությանը։
Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Հայաստանում վերամշակման կարողությունների զարգացմանը, ավելացված արժեքի շղթաների ընդլայնմանը և հանքարդյունահանման ակտիվների վերականգնմանը։ Կողմերը նաև մտադիր են ուսումնասիրել կարևորագույն հանքանյութերի հետ կապված ռազմավարական ակտիվներում ներդրումների առաջնահերթ հասանելիության տրամադրման մեխանիզմները։
Փաստաթուղթը նախատեսում է հանքարդյունաբերության ոլորտում լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի արագացում և պարզեցում, ինչպես նաև երկրաբանական հետախուզության և տվյալների փոխանակման նոր մեխանիզմների զարգացում։ Առանձին նշվում է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ գործընկերության ստեղծման կամ ամրապնդման մասին՝ ներառյալ Հայաստանի ազգային երկրաբանական ծառայության զարգացման աջակցությունը։
Կադրային քաղաքականության ոլորտում կողմերը հայտարարում են հանքարդյունաբերության, մետաղաձուլության և շրջակա միջավայրի կառավարման ոլորտներում մասնագետների պատրաստման և փոխանակման ծրագրերի գործարկման մասին։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:




































