«Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոցառում է սահմանել՝ կասեցնելով հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու բաշխումը Ռուսաստանում՝ բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների ավելցուկային մակարդակի հայտնաբերման պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Մայիսի 22-ից «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոցառում է սահմանել՝ կասեցնելով «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի արտադրած «Ջերմուկ» բնական բուժիչ սեղանի գազավորված խմելու ջրի ներմուծումն ու բաշխումը Ռուսաստանի Դաշնությունում»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Նշվում է, որ արտադրանքը չի համապատասխանում պիտակի վրա նշված տեղեկատվությանը։
«Ջրում հայտնաբերվել է բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների ավելցուկային մակարդակ։ Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորեցնող տեղեկատվությունը կարող է հանգեցնել անարդյունավետ բուժման և առողջության վատթարացման»,- ընդգծել է գերատեսչությունը։
«Ռոսպոտրեբնադզորը» նաև հայտնել է, որ համապատասխան ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին։
Ապրիլի վերջին «Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցրել է «Ջերմուկի»՝ հայկական բնական բուժիչ խմելու ջրի մի քանի խմբաքանակի ներմուծումը Ռուսաստան։
ՌԴ-ն սահմանափակել էր նաև ՀՀ-ից ծաղիկների, մրգերի ու բանջարեղենի մատակարարումը։ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 20-ին հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ՝ մինչև ջերմատնային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծությունը։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։






































