Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճից հետո ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա նշել է, որ ըստ Քննչական կոմիտե ներկայացված հաղորդման՝ Օսիպյանը խաթարել է ՔՊ-ի քարոզարշավը, խանգարել մարդկանց անդորրը, վիճաբանություն մեջ մտել ՀՀ վարչապետի հետ և իրեն թույլ է տվել անպարկեշտ, վիրավորական արտահայտություններ ու բարձր տոնով խոսել վարչապետի հետ։
Երիցյանի խոսքով՝ Օսիպյանն իր հրապարակային խոսքն է հնչեցրել, և այդ խոսակցության ընթացքում ավելի շատ անպարկեշտ, վիրավորական արտահայտություններ թույլ է տվել ու բարձր տոնով խոսել հենց Փաշինյանը։
Փաստաբանը հավելել է, որ, ամենայն հավանականությամբ, Օսպիյանի նկատմամբ կհարուցվի հանրային քրեական հետապնդում ու դատարան կներկայացվի կալանավորման միջնորդություն։ Այս պահի դրությամբ՝ 72-ժամյա ռեժիմով նա ձերբակալված է և գտնվում է Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրում։
Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում Օսիպյանը Փաշինյանին մեղադրել էր «ղարաբաղյան կլանին միլիարդներով սնելու մեջ»։ Քաղաքական գործիչը նաև պնդել էր, թե Փաշինյանը տեղյակ էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի (որն այժմ գտնվում է Բաքվի բանտում-խմբ․) կողմից բաժանվող ընտրակաշառքների մասին, սակայն, չնայած դրան, աջակցել է նրան։
Փաշինյանը հրապարակայնորեն հնչեցրել էր քաղաքացու անունը և վերջինիս հասցեին օգտագործել «համբալ» որակումը։ Միջադեպի ընթացքում վարչապետը դիմել էր Օսիպյանին՝ հետևյալ խոսքերով. «Գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։ Հայաստանի ղեկավարը նաև հավելել էր. «Ծպտուններդ դուրս չգա, վե՛ր ընկեք տեղներդ, թալանչի՛ անասուններ»։
ՆԳՆ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ Օսիպյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։




































