ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն գերազանց առևտրային համաձայնագրեր է կնքել Չինաստանի հետ, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալներով՝ ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը կնքել են «հիանալի առևտրային համաձայնագրեր»։ Նա չի ներկայացրել համաձայնագրերի մանրամասները։
Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի դիրքորոշումներն Իրանի հարցում մեծ մասամբ համընկնում են։
«Մենք քննարկել ենք Իրանի հարցը, նմանատիպ դիրքորոշումներ ունենք։ Ուզում ենք, որ սա (հակամարտությունը-AT) ավարտվի։ Չենք ցանկանում, որ նրանք միջուկային զենք ունենան։ Ուզում ենք, որ Հորմուզի նեղուցը բաց լինի»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք Ծինպինի և Թրամփի ՝ Հորմուզի նեղուցով նավերի ազատ անցման ապահովման քննարկումների անհրաժեշտության մասին։





































