Սևանա լճի մոտ ապրող մարդիկ իրավունք չունեն աղքատ լինել, Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Կարապետյանը նշել է, որ մարզի բնակչությունը վերջին մի քանի տարվա ընթացքում 30%-ով նվազել է, աճել է ամուսնալուծությունների և նվազել ամուսնությունների թիվը։ Նրա խոսքով՝ մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի, բայց դրա համար այնտեղ մարդիկ պիտի լավ ապրեն։
«Ոչ մի ասֆալտ մեզ պետք չի գալու, եթե այնտեղ մարդիկ չապրեն»,- ասել է նա։
Կարապետյանը շեշտել է, որ Սևանա լիճը պետք է դառնա ամենամեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկներից մեկը։ Դաշինքի թեկնածուն շեշտել է, որ համակարգային մոտեցում են ցուցաբերելու և աջակցելու են ընտանեկան բիզնես ծրագրերին։
Կարապետյանը հայտնել է, որ դաշինքի ծրագրով նախատեսվում է մանկավարժների, մշակութային բնագավառի աշխատակիցների աշխատավարձը 5 տարում ամեն տարի համամասնորեն 150%-ով բարձրացնել։
«Պետությունը պետք է խրախուսի և աջակցի ամենակարևոր մասնագիտությանը, որովհետև ծնողների հետ զուգահեռ՝ այդ մասնագետները երեխաներ են դաստիարակում»,- հավելել է Կարապետյանը։
Հանդիպմանը ներկա վարդենիսցիներից մեկը մարզում ադրբեջանցիների առաջխաղացման հետ կապված մտահոգություն է հայտնել։
Կարապետյանը մատնանշել է իշխանությունների որդեգրած վտանգավոր քաղաքականությունը, որի պատճառով կարող են հայաթափվել ՀՀ որոշ մարզեր՝ այնտեղ ադրբեջանցիներ բնակեցնելու համար։ Նա կոչ է արել ակտիվ լինել, քանի որ «ջրբաժանի առաջ ենք կանգնած» և անհրաժեշտ է միավորվել՝ ազգային խնդիրները լուծելու նպատակով։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդն ավելի վաղ խիստ վտանգավոր էր որակել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, թե «հայկական տարածքների որոշ հատվածներ ադրբեջանական են»։































