Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործի ֆոնին Արարատի մարզում պաշտոնանկություններ են տեղի ունեցել։
Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանն ազատվել են պաշտոններից:
ՆԳՆ-ից Armenia Today-ին հաստատել են, որ աշխատանքից ազատվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը։
Այսօր ավելի վաղ Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգությունների հատկանիշներով հարուցված գործով 2 անձ է ձերբակալվել։ Գործով մեղադրյալ Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվել էր։
Ըստ ՔԿ-ի մայիսի 5-ի հաղորդագրության՝ ոտնձգությունների մասին հաղորդումներն ստացվել էին փետրվար և ապրիլ ամիսներին՝ մի քանի դրվագով։
Մայիսի 6-ին Գլխավոր դատախազությունը դեպքի առնչությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել 2 անձի նկատմամբ։ Տուժողների փաստաբանները տեղեկացրել էին, որ գործով 3 անձ մեղադրյալի կարգավիճակ չունի և վկայի կարգավիճակում է, նրանց թվում են Արթուր Երեմյանը և Այնազյանը։





























