Երևանում Հայաստան-Եվրամիություն առաջին գագագթնաժողովին ՀՀ-ն ու ԵՄ-ն կապակցվածության և սահմանային անվտանգության նոր համաձայնագրեր են ստորագրել և նախաստորագրվել։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Մասնավորապես, Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվեց Կապակցվածության գործընկերության փաստաթուղթը։ ՀՀ-ի և ԵՄ սահմանային ու առափնյա պահպանության գործակալության (Frontex) միջև նախաստորագրվեց սահմանների կառավարման ոլորտում համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածությունը։
Գործընկերության հիմնական ուղղություններն են տարածաշրջանային տրանսպորտային ցանցերի զարգացումը, այդ թվում՝ Անդրկասպյան միջանցքը, Հայաստանի էներգետիկ անկախության աջակցումը, վերականգնվող էներգետիկայի զարգացումը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության ամրապնդումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետագա ինստիտուցիոնալ և փորձագիտական աջակցությունը՝ բարեփոխումները շարունակելու, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին և ապատեղեկատվությանը հակազդելու համար։
Սահմանային անվտանգություն
Եվրոպական կողմը ՀՀ-ի և Frontex-ի միջև նախաստորագրված աշխատանքային պայմանավորվածությունը ահմանային անվտանգության ոլորտում եվրոպական փորձի ներդրման հիմք է անվանել։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ ԵՄ-ն վերահաստատում է Հայաստանի դիմակայունության և ազգային անվտանգության աջակցության հանձնառությունը՝ ընդգծելով, որ նոր գործընկերության առաքելությունը կօգնի ամրացնել ճգնաժամերին արձագանքելու կարողությունը և նպաստել երկրի երկարաժամկետ կայունությանը։
Նրա խոսքով՝ գագաթնաժողովը հստակ ազդակ է առ այն, որ ԵՄ-ն ցանկանում է խորացնել կապերը Հայաստանի հետ, որը նոր ժամանակահատված է մտնում՝ խաղաղության և ժողովրդավարության կոնսոլիդացիայի ուղիով: Նա վերահաստատել է Եվրոպայի հանձնառությունը՝ պաշտպանելու հայ ժողովրդի ազատ ընտրության իրավունքը և նշել Հայաստանի անկյունաքարային դերը՝ որպես Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ կապող հանգույց:
Կապակցվածություն և ներդրումներ
ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության շրջանակում, որպես ներդրումային հետաքրքրվածության հավաստում, ԵՄ-ն հայկական առանցքային ընկերություններին ու հիմնադրամներին է հանձնել մտադրության 6 նամակ:
Գործընկերության հիմնական ուղղություններն են.
• Տարածաշրջանային տրանսպորտային ցանցերի, այդ թվում՝ Անդրկովկասյան միջանցքի զարգացում և Հայաստանի ինտեգրում:
• Աջակցություն ՀՀ էներգետիկ անկախությանը, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը և մատակարարման կախվածությունների նվազեցմանը:
• Համագործակցության ամրապնդում բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և կիսահաղորդչային կարողությունների ոլորտներում:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն նպատակ ունի Հայաստանը դարձնել գրավիչ ուղղություն ներդրողների համար՝ ապահովելով ինչպես ուղղակի ֆինանսավորում, այնպես էլ ռիսկերի նվազեցման մեխանիզմներ մասնավոր հատվածի համար։ Նրա խոսքով՝ արդեն ստորագրվել են մտադրությունների նամակներ եվրոպական ընկերությունների և հիմնադրամների հետ, ինչը վկայում է ներդրումային հետաքրքրության աճի մասին։
Նա ընդգծել է, որ աջակցությունը կկենտրոնանա ենթակառուցվածքների զարգացման, սահմանների կառավարման և տարածաշրջանային կապակցվածության վրա՝ ստեղծելով բարենպաստ միջավայր բիզնեսի համար և խթանելով նոր ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում։
Ֆոն դեր Լայենը հիշեցրել է երկու տարի առաջ ՀՀ-ի համար մեկնարկած տոկունության և աճի պլանի մասին, որի շրջանակում 270 մլն եվրո էր փոխանցվել Հայաստանին։ Նա նշել է, որ նախատեսում են այդ ֆինանսավորումն ավելացնել ևս 2,5 մլրդ եվրոյով։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է կարևոր տարածաշրջանային հանգույց դառնալ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Կասպյան տարածաշրջանի միջև:
Նա հավելել է նաև, որ Հայաստանի էներգետիկ անկախությունը խթանելու համար ԵՄ-ն 25 մլն եվրո աջակցություն է տրամադրելու կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի և էներգետիկ կուտակիչների կառուցմանը։ Նրա խոսքով ՝ Հայաստանը կարող է կարևոր տարածաշրջանային հանգույց դառնալ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կասպյան տարածաշրջանի միջև:
Վիզաների ազատականացում
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարարին է հանձնել մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթացի զեկույցը: Փաստաթուղթը ներառում է առաջարկություններ՝ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի լիարժեք ազատականացման հասնելու ուղղությամբ:
Գագաթնաժողովի վերջում կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու հարաբերությունները «ԵՄ-ՀՀ կապակցվածության գործընկերության» միջոցով, որը համահունչ է ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարությանը և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը: Գագաթնաժողովի վերջում համատեղ հայտարարություն է ընդունվել, որտեղ ամբողջացրել են Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված Կապակցվածության գործընկերության փաստաթղթի վերոնշյալ կետերը։
Մայիսի 13-ին հրապարակվել է Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցը։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը սկսել է կենսաչափական անձնագրերի համակարգի արդիականացում, թվայնացնում է միգրացիոն և քաղաքացիության ծառայությունները, ինչպես նաև ուժեղացնում հակակոռուպցիոն և անձնական տվյալների պաշտպանության համակարգերը։
ԵՄ-ն ընդգծել է, որ վիզաների ազատականացման գործընթացը շարունակվելու է մինչև բոլոր պահանջների ամբողջական կատարումը։
2024 թվականին Հայաստանն ու ԵՄ-ն սկսել էին խորհրդատվությունները անվտանգության և պաշտպանության հարցերով, իսկ 2025-ին Երևանն սկսել էր ԵՄ-ին անդամակցության մեկնարկի գործընթացը։ Ընդ որում՝ Փաշինյանը հայտարարել էր, որ վերջնական որոշում հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։
Թարմացված է՝ 13.05.2026 | 12:20





































