Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդարանին մեղադրել է Ադրբեջանի մասին «ճշմարտությունը խեղաթյուրելու» մեջ: Գագաթնաժողովի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Իր հեռավար ելույթում նա հիշեցրել է, որ իր երկիրը 2021-2026 թվականներին ԵՄ-ի կողմից ընդունված 14 բանաձևերը համարում է կողմնակալ և հիմնված կեղծ մեղադրանքների վրա։
Ալիևը 2020 թվականի պատերազմը և 2023 թվականի հարձակումն Արցախի վրա որակել է որպես «իր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանություն», իսկ Բաքվում պահվող ռազմագերիներին՝ որպես «ռազմական հանցագործներ»։
Եզրափակելով ելույթը՝ Ալիևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։
«Չնայած այս գործընթացը խափանել փորձողների ջանքերին՝ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, և իմ հայ գործընկերոջ ելույթը հստակորեն ընդգծեց դա։ Ես գագաթնաժողովին հաջողություն եմ մաղթում»,- ասել է նա։
Իր հերթին՝ Փաշինյանը նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ Ալիևը մասնակցում է Հայաստանում անցկացվող միջոցառման, թեև հեռակա։ Նա հույս է հայտնել այցելել Ադրբեջան 2028 թվականին, երբ այնտեղ կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի 10-րդ գագաթնաժողովը։
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան արձագանքել է Ադրբեջանի նախագահի քննադատություններին, թե եվրոպական կառույցները «հայամետ և սադրիչ» բանաձևեր են ընդունում։
«ԵՄ խորհրդարանն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերն ընդունվում են մեծամասնության ձայնով։ Դրա արդյունքները գուցե անհարմարություններ են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումը, որը որդեգրել ենք»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալիևը կմասնակցի Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին՝ տեսակապի միջոցով։ Հայկական կողմը հրավեր էր ուղարկել Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Թուրքական կողմը ներկայացրել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, որն այսօր առավոտյան ժամանել է Երևան։
Մայիսի 3-ին 4-ին նախատեսված ԵՔՀ 8-րդ և մայիսի 5-ին ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 50 երկրի առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:





































