Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը սոցհարցումների պատրվակով ներկայացուցիչներ է ուղարկում Երևանի բնակիչների բնակարաններ՝ նախընտրական «տրամադրություններ ստուգելու» նպատակով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի փոխանցմամբ՝ սոցիոլոգիական հարցումների անվան տակ անձինք այցելում են քաղաքացիների բնակարաններ և հետաքրքրվում, թե ո՞ւմ են պատրաստվում ընտրել։ Ըստ թերթի՝ իշխանության հետ անհամաձայնություն ունեցող քաղաքացիների նկատմամբ Երևանի վարչական շրջանների ղեկավարների, հարկային մարմինների կամ տարբեր մասնավոր հիմնարկների կողմից փորձում են ճնշումներ գործադրել։
Պարբերականի տեղեկություններով՝ որպես ճնշման գործիք կիրառվում են համատիրություններին ունեցած պարտքերի պարտադիր մարման պահանջներ ներկայացնելը կամ տվյալ ընտանիքի տղամարդկանց վարժական հավաքների մասնակցելու ծանուցագրեր ուղարկելը։
ԶԼՄ-ները գրել էին, որ իշխող կուսակցությունը Երևանում իր վարկանիշի վերաբերյալ մտավախություններ ունի։ Սա կապվում է նրա հետ, որ ՔՊ-ի երևանյան ներկուսակցական քարոզարշավների ժամանակ իշխանության ներկայացուցիչները որոշ դեպքերում լավ ընդունելության չէին արժանացել։





































