Ապրիլի 25-ին Հայաստանում նշվել է «Քաղաքացու օրը», որը սահմանվել է իշխող խմբակցության կողմից 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Armenia Today-ն ուղիղ հեռարձակում է իրականացրել միջոցառման վայրից։
Տոնի նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրել էր օրը նշելու այսպես ասած՝ «խորոված փարթիով»։
Տոնակատարություններն ընթացել են Երևանի կենտրոնական Ամիրյան փողոցում, որտեղ տեղադրված տաղավարներում պատրաստվել, վաճառվել են խորոված ու այլ սնունդ, իսկ երեկոյան կայացել է համերգ՝ տեղական և արտասահմանյան աստղերի, ինչպես նաև «Վարչաբենդի» մասնակցությամբ։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ միջոցառումը ֆինանսավորվել է ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, այլ մասնավոր անձանց մասնակցությամբ։
Ավելի վաղ քաղհասարակության ներկայացուցիչներն զգուշացրել էին ընտրությունների նախօրյակին նման միջոցառում ֆինանսավորելու հետ կապված հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։ Ընդդիմությունն ու իրավապաշտպանները քննադատել են տոնի անցկացումը, որը հաջորդել էր ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցին։
«Անկախ դիտորդ» ՀԿ-ն դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տոնական համերգի կազմակերպման մեջ տեսնելով կոռուպցիոն ռիսկեր։ Ըստ իրավապաշտպանների՝ իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումը ֆինանսավորվել է մեկ դոնորի կողմից, ինչը հակասում է օրենսդրությանը, որի համաձայն՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ մեկ անձի նվիրատվությունը կուսակցությանը չի կարող գերազանցել 10 միլիոն դրամը։
Միջոցառման կազմակերպիչ Domino Production-ը հրաժարվել է «Ազատություն» ռադիոկայանին բացահայտել համերգի համար ծախսված գումարի չափը։
Խորհրդարանի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն Armenia Today-ին տված մեկնաբանություններում հերքել են այն միտքը, որ «Քաղաքացու օրը» 2018 թվականի իրադարձությունները վերակենդանացնելու փորձ է։
Ռուբինյանը նշել է, որ 2018 թվականի խորովածը «հասարակական տրամադրությունների արտահայտման ձևերից մեկն էր», և ներկայիս միջոցառումը «հարգանքի տուրք է դրան»։
Լրագրողների հարցից հետո, թե արդյոք խնդիր տեսնո՞ւմ է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան հաջորդած օրը խորովածի տոնակատարության հետ կապված, Սիմոնյանը հրաժարվել է շարունակել զրույցը։

Փաշինյանի ընդդիմախոսներն անդրադարձել են «Քաղաքացու օրվան» և կազմակերպված միջոցառումներին։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ապրիլի 25-ն անվանել է «Խաբված քաղաքացու օր»։ Կարապետյանը նշել է, որ եթե հրաշք տեղի ունենա, և Փաշինյանն այլևս չկարողանա խաբել, ապա այսօր երեկոյան տոնին դուրս գալով բեմ՝ կասի. «Ժողովո՛ւրդ, ուզում եմ ձեզ ասել, որ ինչ խոսք եմ տալիս հիմա՝ տալիս եմ նրա համար, որ երրորդ ժամկետով մնամ, այն ժամկետի, որի դեմ պայքարել ենք 8 տարի առաջ»:
«Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը փոսի վրա շարված խորովածի նկար է հրապարակել՝ գրելով. «Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)»։

Armenia Today-ը վաճառքի կետերից հետաքրքրվել է խորովածի գների մասին և պարզել, որ մեկ կտոր սթեյքի գինը հասնում է 6000 դրամի։
Լրագրողներն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվել են՝ արդյոք քաղաքացիները կարո՞ղ են իրենց ամսվա մեջ մի քանի անգամ խորոված թույլ տալ՝ հաշվի առնելով մսի գները։
Ըստ Թորոսյանի՝ քաղաքացին հիմա ավելի լավ է ապրում, քան նախկինում։ Նրա խոսքով՝ ջանք ներդնող քաղաքացին ավելի լավ է սկսում ապրել, իսկ մյուսներին խրախուսում են, որ ջանք ներդնեն։
Կառավարության ներկայացուցիչները, Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանելով երկրում ստեղծված իրավիճակը, որպես հիմնական մարտահրավեր նշել են երկարաժամկետ խաղաղության ապահովումը։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այնքան սուր չի համարում մարզերում աշխատատեղերի բացակայության հարցը։ Ըստ նրա՝ մարզերում տեղական աշխատուժի բացակայության պատճառով աշխատում են օտարերկրացիներ։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը չի պատասխանել Արցախում եկեղեցիների, մշակութային մյուս կոթողների ոչնչացման մասին հարցին՝ նշելով, որ Փաշինյանն անդրադարձել է դրան ու ավելացնելու բան չունի։
Armenia Today-ի կողմից հարցված քաղաքացիները նշել են, որ հասարակության ներսում առկա անհամաձայնությունները մնում են հիմնական խնդիր։




































