Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները, հայտնել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Նշվում է, որ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ներկայացնում եվրոպական դատարան՝ խնդրելով վերացնել միջանկյալ միջոցը, որով Ադրբեջանը պարտավորվում է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Բաքվում պահվող հայ գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի մասին։ Ադրբեջանը հավաստիացնում է, որ «բոլոր գործընթացներն ընթանում են թափանցիկ և հրապարակային»։
ՄԻԵԴ-ն ապրիլի 9-ին մերժել էր Ադրբեջանի հերթական դիմումը՝ Ադրբեջանի կառավարությանը կրկին պարտավորեցնելով տեղեկություններ տրամադրել կալանավորվածների պահման պայմանների, նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված բժշկական հետազոտությունների, ինչպես նաև բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին՝ համաձայն ՀԿ-ի հաղորդագրությանը կից ներկայացված որոշման:
Եվրոպական դատարանը պարտավորեցրել է նաև ներկայացնել հայ գերիների դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում կայացված դատավճիռների պատճենները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն դատավճիռ կայացրած դատավորների հիմնավորումները՝ գործում առկա ապացույցների վրա հիմնված։

Ադրբեջանում պաշտոնական տվյալներով՝ 19 հայ գերի կա։ Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչները, որոնց Բաքուն շինծու մեղադրանքերով դատապարտել էր փետրվարին։






































