«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ըստ նրա՝ հաշվի են առել Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը։
Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ ի սկզբանե քննարկվում էր Ղումաշյանին կալանքի միջնորդություն ներկայացնելը։ Նա շեշտել է, որ տնային կալանքի միջնորդության դեմ ևս պաշտպանական կողմն առարկելու է։
«Տնային կալանքն ինքնին կալանքին համարժեք խափանման միջոց է։ Ի՞նչ ռիսկ պետք է լինի բացառապես դրական բնութագրվող, բարձրագույն կրությամբ Ղումաշյանի նկատմամբ ինտենսիվ խափանման միջոցի համար»,- նշել է Վարդևանյանը։
Նա նաև հավելել է, որ ՀԿԿ են ներկայացրել Ղումաշյանի երեք անչափահաս երեխաների ծննդյան վկայականները։
Փաստաբան Արմեն Ֆերոյանը Ղումաշյանի ձերբակալությունը բացարձակ ապօրինի քրեական հետապնդում է անվանել։ Նա հիշեցրել է, որ Ղումաշյանի խնամքի տակ կա նորածին երեխա։ Ֆերոյանի խոսքով՝ իր պաշտպանյալը հրաժարվել է ցուցմունք տալ և նշել է, որ ֆիզիկապես լավ չի զգում։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը, ով հարցաքննության էր կանչվել, ձերբակալվել է։
Տեղեկությունն Armenia Today-ին հաստատել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ գրասենյակի համակարգող Վ․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում):
Այսօր ավելի վաղ «Ուժեղ Հայաստանը» հայտնել էր Ղումաշյանին բերման ենթարկելու և Ստեփանյանին հարցաքննության հրավիրելու մասին։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարկածով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն ու նրա օժանդակողը խախտել են ընտրությունների նախաշեմին բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքը։





























