Ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերությունն սկսել է ակտիվորեն կիրառել արհեստական բանականությունը (ԱԲ) չիպերի նախագծման ներքին գործընթացներում, ինչը թույլ է տալիս ամիսների աշխատանքը հասցնել ժամերի, GTC համաժողովի շրջանակում հայտարարել է Nvidia-ի գիտական գծով տնօրեն Բիլ Դալին, գրել է 3dnews-ը։
Ըստ ընկերության ներկայացուցչի՝ ԱԲ-ն արդեն կիրառվում է նախագծային լուծումների հետազոտման, սխալների վերացման և նույնականացման փուլերում։
Որպես հաջողված օրինակ՝ Դալին մատնանշել է NB-Cell գործիքը։ Նախկինում ութ անձից բաղկացած ինժեներական թիմից պահանջվում էր շուրջ 10 ամիս՝ ստանդարտ բջիջների գրադարանը նոր տեխնոլոգիական պրոցեսի (տեխպրոցեսի) վրա տեղափոխելու համար։
«Այժմ մեր մշակած ԱԲ գործիքն այդ նույն աշխատանքը կատարում է ընդամենը մեկ գիշերվա ընթացքում՝ օգտագործելով ընդամենը մեկ գրաֆիկական պրոցեսոր (GPU): Ընդ որում՝ ստացված արդյունքներն իրենց չափերով, էներգաարդյունավետությամբ և արագագործությամբ չեն զիջում, իսկ երբեմն նույնիսկ գերազանցում են մարդկանց ստեղծած նախագծերին»,- պարզաբանել է Դալին։
Նրա խոսքով՝ սա վերացնում է հիմնական խոչընդոտները նոր տեխնոլոգիական պրոցեսների անցնելիս, քանի որ գրադարանների տեղափոխումն այժմ կատարվում է ակնթարթային արագությամբ։
Չնայած գրանցված տպավորիչ արդյունքներին՝ Nvidia-ում նշել են, որ չիպերի նախագծման լիակատար ավտոմատացմանը հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու, սակայն բոլոր փուլերում ԱԲ-ի ինտեգրումն արդեն իսկ անդառնալի գործընթաց է։
Nvidia ընկերությունը 2025 թվականի հունիսին Firebird-ի և ՀՀ կառավարության հետ համատեղ հայտարարել էր Հայաստանում արհեստական բանականության համար տվյալների կենտրոնի կառուցման նախագծի մեկնարկի մասին։


























