Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ելքի արգելքը, պետք է վերացվի, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Փաստաբանը նշել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում է կայացրել կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին:
Նա հիշեցրել է, որ ՀՀ քննչական կոմիտեն փետրվարի 14-ին որոշում էր կայացրել և կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը: Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը:
Զոհրաբյանը հայտնել է, որ քննիչի նշված որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին: ՀՀ գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել բողոքը մերժելու մասին: Դատախազի մերժումից հետո բողոք էր ներկայացվել դատարան:
ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել վեհափառի ելքը Հայաստանից։
Համայն Վրաստանի կաթողիկոսը վախճանվել էր մարտի 17-ին՝ կյանքի 94-րդ տարում։ Մարտի 19-ին Վրաստանի պատրիարքարանը հրավեր էր ուղարկել աշխարհի Առաջին հիերարխիայի բոլոր հոգևորականներին, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին, մասնակցելու կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը։





































