Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ խոստացել է Շտապբուժօգնության ծառայության անձնակազմի վարձատրության բարձրացման մասին։ Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանն Armenia Today-ին հայտնել է, որ ապրիլին աշխատակիցները 100%-ով կստանան 20%-ով ավելացված աշխատավարձ։
Չնայած նախկինում հնչած վստահեցումներին, թե գործընթացը պետք է մեկնարկեր ավելի վաղ, քաղաքապետարանը ժամկետների շեղումը հիմնավորել է «տեխնիկական խնդիրներով»։ Այս պահին ապրիլը նշվում է որպես վերջնական ժամկետ, երբ հավելավճարները պետք է փաստացի արտացոլվեն աշխատակիցների վճարումների մեջ։
Զուգահեռաբար, քաղաքային իշխանությունները պաշտոնապես հաստատել են՝ կանչերի սահմանված 15-րոպեանոց չափորոշիչը պահպանելու և մարդկային կյանքեր փրկելու համար Շտապօգնության վարորդներին թույլատրվում է դիմել ճանապարհային երթևեկության կանոնների հիմնավորված խախտումների։ Այս հայտարարությունը հնչել է վարորդների դժգոհությունների ֆոնին, ովքեր հաճախ հայտնվում են քրեական գործերի կամ տուգանքների թիրախում՝ փորձելով արագ տեղ հասնել։
Կարապետյանը նաև փաստել է, որ ծառայության անխափան աշխատանքի համար լուրջ խոչընդոտ է մնում երթևեկության մշակույթի բացակայությունը, ինչի պատճառով շտապօգնության մեքենաները պարբերաբար վթարների են ենթարկվում և դուրս մնում շահագործումից։
Աշխատավարձերի բարձրացում Շտապօգնության ծառայությունում խոստացվել էր հունվարի 15-ին։ Մարտի 16-ի գործակարգավարական նիստում Առողջապահության վարչության պետը հաստատել էր, որ աշխատավարձերի բարձրացում չի իրականացվել ու պարզ չի, թե երբ կլինի։ Շտապօգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանն Armenia Today-ին վստահեցրել էր, որ գործընթացն ընթացքի մեջ է։
Արաքսյա Սնխչյան
Դիտեք նաև՝
Բարեփոխում թղթի վրա. Շտապօգնության աշխատակիցներն սպասում են աշխատավարձի խոստացված բարձրացմանը






































