Ամերիկացի լրագրող Շելլի Քիթլսոնը, որը նախկինում առևանգվել էր Բաղդադում, ազատ է արձակվել, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով անանուն իրաքցի պաշտոնյայի։
Ըստ պաշտոնյայի՝ Քիթլսոնն ազատ է արձակվել ապրիլի 7-ի կեսօրին։ Աղբյուրը չի բացահայտել նրա ներկայիս գտնվելու վայրը, բայց նշել է, որ նա ազատ արձակվելուց առաջ պահվել է Բաղդադում։
Իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահ» աշխարհազորը նույն օրն ավելի վաղ հայտարարել էր, որ որոշել է ազատ արձակել Քիթլսոնին։ Խմբի հայտարարության մեջ ներառված էր պայման, որ լրագրողն ազատ արձակվելուց հետո անմիջապես լքի Իրաքը։
Գործակալությունը նշում է, որ «Քաթաիբ Հեզբոլլահը» նախկինում հերքել էր Քիթլսոնի առևանգման պատասխանատվությունը։ Երկու անանուն աշխարհազորային ներկայացուցիչ գործակալությանը հայտնել է, որ Իրաքի իշխանությունների կողմից նախկինում ձերբակալված խմբի մի քանի անդամ կազատվի լրագրողի ազատ արձակման դիմաց։
Ամերիկացի լրագրողն առևանգվել էր Բաղդադում՝ մարտի 31-ին։ Քիթլսոնը հայտնի է Աֆղանստանի, Իրաքի և Սիրիայի պատերազմական գոտիներում իր ռեպորտաժներով։





































