Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) չի հաջողվել նախընտրական դաշինք կազմել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ, հայտնել է կուսակցությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել են դաշինք կազմելու համար և դրսևորել են առավելագույն ճկունություն՝ դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չներկայացնելով:
«Մեզանից անկախ պատճառներով՝ այդ դաշինքը չկայացավ: Հետևաբար, կուսակցությունը կմասնակցի ընտրություններին առանձին՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և՛ ընտրական ժամանակաշրջանում, և՛ ընտրություններից հետո»,- նշել են կուսակցությունից:
Մարտի 15-ին կայացած համագումարի ժամանակ կուսակցությունը վերահաստատել էր «Ուժեղ Հայաստանի» հետ համախմբվելու պատրաստակամությունը: Կարապետյանի կուսակցությունը հուշագիր էր ստորագրել «Նոր դարաշրջան» և «Միացյալ հայեր» կուսակցությունների հետ։ «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը (ՀԺԱՄ), ինչպես նաև «Կայունություն», «Ազատություն» և «Ժառանգություն» կուսակցություններն աջակցություն էին հայտնել Կարապետյանի կուսակցությանը։






































