Հայ ազգային կոնգրեսի 5-րդ համագումարում, կուսակցության կանոնադրությանը համապատասխան, գաղտնի քվեարկության արդյունքում կուսակցության նախագահ է վերընտրվել ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հայտնել է ՀԱԿ մամուլի ծառայությունը։
Վերահաստատվել է բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ համախմբվելու պատրաստակամությունը:
Կոնգրեսի կողմից ընդունված բանաձևը սահմանել է քաղաքական ուժի հիմնական նպատակները՝ Հայաստանի և հայ ժողովրդի ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը, այդ շահերին սպառնացող հակամարտությունների կարգավորուﬓ ու երկարատև և կայուն խաղաղության հաստատումը, Հայաստանի սոցիալ-տնտեսական և գիտամշակութային հարատև վերելքի ապահովումը։
Կուսակցությունը վերահաստատել է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը և ընդգծել, որ քաղաքական գործունեության մեջ կառաջնորդվի այնպիսի սկզբունքներով, ինչպիսիք են խաղաղության հաստատումը և երկաթուղային հանգույցի կառուցումը, հավասարակշռված և բազմավեկտոր արտաքին քաղաքականության իրականացումը, հաղորդակցությունների ինտեգրումը, նախագահական-խորհրդարանական սահմանադրական կարգի վերականգնումը և դատական համակարգի անկախության ապահովումը գործադիր իշխանությունից։
ՀԱԿ-ը, նշելով բոլոր «ազդեցիկ, ժողովրդավարական, ռացիոնալ և իրատեսական» քաղաքական ուժերի միավորման անհրաժեշտությունը, վերահաստատել է իր պատրաստակամությունն սկսելու նման համախմբման գործընթաց Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ։
Մարտի սկզբին Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված ուժեղ կառավարություն։ Ըստ նրա՝ պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Կարապետյանն է: Նշենք, որ ՀԱԿ-ը 2026-ի ընտրություններին վարչապետի թեկնածու կառաջադրի Լևոն Զուրաբյանին։





































