Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ, Armenia Today-ին հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ տղան դեռ գանգատներ ունի, և շատ կարճ է տեսակցել պաշտպանյալին։
«Շատ ուժեղ գլխացավ ուներ, ինչի պատճառով նույնիսկ չցանկացա հարցեր տալ։ Գլխացավի պատճառով գլուխը որևէ կերպ չէր կարողանում շարժել»,- հավելել է փաստաբանը։
Նա նշել է, որ բժիշկները Մինասյանին հետազոտությունների էին տանում, և ախտորոշման հետ կապված դեռ որևէ տեղեկություն չունեն։
Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ի պատարագին։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել»։ Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակել՝ կիրառելով գրավ ու բացակայելու արգելք կիրառելով։
Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց, իսկ հետո «Արմավիր» ՔԿՀ, հետո կրկին հիվանդանոց էին տեղափոխել։ Նրա մայրը՝ Գայանե Մինասյանը, դիմել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, խնդրել երաշխավորություն տալ՝ առողջական խնդիրներ ունեցող որդու կալանքը փոխելու համար։
Կարդացեք նաև՝


































