Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը ծրագրվել է, երբ ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարել է, որ Մոսկվան չի բանակցում Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ, գրել է «Հրապարակը»՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։
Նիկիտինը մարտի 30-ին հայտարարել էր, որ ռուսական կողմը չի նախատեսում կոնցեսիան հանձնել երրորդ երկրներին, այդ թվում՝ Ղազախստանին։
Ըստ թերթի՝ մոսկովյան այցը ծրագրվել է Արևմուտքի դրդմամբ, որտեղից Փաշինյանին «պարտադրում են օր առաջ լուծում տալ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի հարցին»։
Փաշինյանը փետրվարին հայտարարել էր, որ իշխանությունները քննարկում են երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Երևանին և Մոսկվային բարեկամ երրորդ երկրի հանձնելու հնարավորությունը: Հնարավոր տարբերակների շարքում նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը: Նրա խոսքով՝ երկաթուղին մնում է Հայաստանի սեփականությունը, իսկ կառավարման մոդելի վերանայումը պայմանավորված է տարածաշրջանային տրանսպորտային նախագծերում երկրի մրցունակության բարձրացման ձգտմամբ:






































