Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված եղբայրների՝ Դավիթ և Միքայել Մինասյանների առողջական խնդիրների պայմաններում նրանք չպետք է գտնվեն անազատության մեջ, Armenia Today-ին ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
«Երեխաների առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը ներկայացված են վարույթն իրականացնող մարմնին: Ներկայացված է միջնորդություն, որպեսզի անհապաղ ազատ արձակվեն, որովհետև բժշկական փաստաթղթերով արձանագրված ախտորոշված հիվանդությունների առկայության պայմաններում գտնում ենք, որ մեկ րոպե երեխաները չպետք է մնան անազատության մեջ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ խնդիրներն անհամատեղելի են անազատության հետ:
Մարտիրոսյանը հայտնել է նաև, որ տղաներն իրենց վերագրված կասկածանքը չեն ընդունում, հայտարարել են, որ որևէ քաղաքական ուժի հետ առնչություն չունեն, ինչպես ամեն կիրակի, այնպես էլ մարտի 29-ին մասնակցել էին պատարագի:
Եկեղեցու բակից 3 անձի էր ձերբակալվել: Փաստաբանի խոսքով՝ երրորդ քաղաքացին նրանց հետ որևէ կապ չունի:
Մարտիրոսյանի խոսքով՝ եղբայրներից Դավիթի համար գիշերը շտապօգնություն են կանչել։ Նրանք 18 տարեկան են, սովորում են ավագ դպրոցում։
Սուրբ Աննա եկեղեցու բակից մարտի 29-ին 3 քաղաքացու էին ձերբակալել՝ պատարագի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպից ժամեր անց։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում քաղաքացին Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», ինչից հետո քաշքշոց էր սկսվել։ «Տենց չնայես ինձ»,- իր դժգոհությունը հայտնելով՝ քաղաքացին ասել էր Փաշինյանին: Միջադեպի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել:






























