Քննչական կոմիտեն մեկնաբանել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված Միքայել Մարգարյանի խափանման միջոցի մասին հարցը։
ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել են, որ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
Մարտի 26-ին տեսանյութ էր տարածվել, որտեղ Սիմոնյանին մոտեցած քաղաքացին զրուցելու ցանկություն էր հայտնել։ Քաղաքացու և Սիմոնյանի միջև վեճ էր սկսվել, փոխադարձ վիրավորանքներ էին հնչել, որից հետո անվտանգության աշխատակիցը նրան հեռացրել էր։ Միջադեպից հետո ՆԳՆ-ից Armenia Today-ին փոխանցել էին, որ Դեմիրճյան փողոցից երկու անձ ներկայացվել էր համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին: Սիմոնյանը միջադեպը «կազմակերպված» էր անվանել։
Մարտի 27-ին Մարգարյանը ձերբակալվել էր։ Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում):






































